Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի սպառազինությունը

22-9-1-1Հեղինակ` Արծրուն Հովհաննիսյան (ռազմական փորձագետ, ՊՆ մամուլի քարտուղար)

Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը ազգային բանակի ստեղծումն է: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական ու ծանր փուլում` 1917թ. դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը[1]:

1918թ. մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը` սպա[2]: 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937թթ.)։ Դիվիզիայի  թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի[3]։ 1919թ. հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր: Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000[4]:

1918թ. դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում: Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք: Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվեց[5]: Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար:

Արդեն 1920թ. հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի[6]։

Բանակը սկզբից ևեթ հիմնականում զինված է եղել ռուսական բանակի հիմնական սպառազինությամբ:

Շարքային զինվորի հիմնական զենքը հանդիսացել է ռուսական երեքգծանի` 7,62 մմ-ոց  “Мосин-Наган” հրացանը (7,62×54 R մմ-ոց փամփուշտներ), որոշ սահմանափակ քանակությամբ կար նաև գերմանական, ֆրանսիական և այլ տեսակի հրացաններ: Որոշ տվյալներով ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100 000 երեքգծանի հրացան, մեկ միլիարդ փամփուշտ, 3000 թնդանոթ, 3000 գնդացիր և այլն[7]: Այս տվյալները կան անգամ Անդրանիկի հուշերում: Մենք կարծում ենք, որ այս թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ռազմաճակատի քայքայումից հետո հեռացող զինվորները երբեմն զենքերը ոչ միայն չէին թողնում, այլ նաև տանում էին մեծ քանակությամբ: Ռուս-թուրքական ռազմաճակատն անգամ լավագույն ժամանակներում չուներ 3000 հրանոթ կամ գնդացիր[8]: Ռուս-թուրքական ռազմաճակատը համարվում էր երկրորդական և բոլոր մատակարարումները անկանոն էին: Կովկասյան բանակի զորքերը ամենալավ ժամանակներում անգամ չեն ունեցել նույնիսկ 1000 հրանոթ[9]: 2000-ից քիչ պակաս հրանոթ ուներ Ա.Բրուսիլովի հրամանատարության ենթակա ամբողջ Հարավ-արևմտյան ռազմաճակատը 1916թ. իր հայտնի ճեղքման ժամանակ (1916թ. հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը):

Նույնը վերաբերվում է նաև հրացանների և փամփուշտների թվերին: 1920թ. հուլիսի 5-ին Բաթում հասած նավը Անգլիայից բերել էր 25 000 միավոր “Ross Mark II” կամ “Ross Mark III” կանադական հրացան, 400 միավոր “Vickers” գնդացիր և մոտ 58 000 000 փամփուշտ այս զենքերի կիրառման համար[10], ինչպես նաև մեծ քանակությամբ պարեն, հագուստ և այլն:

Հաճախ զենքերի անունները և այլ տեխնիկական մանրամասներ սխալ են նշվում: Կանադական վերը նշված հրացանները հայկական աղբյուրներում երբեմն սխալմամբ անվանում են “Բոշ”: Ձեռքի գնդացիրները ամերիկյան “Lewis” մոդելներն էին[11]:

Կանադական հրացանների մարտական հատկությունների մասին հայկական աղբյուրները հիմնականում բացասական են նշում: Մեր զինվորականներն ու ղեկավարները դրանք համարում են ծանր, անհարմար և անպիտան[12]: Զենքը ճիշտ է օգտագործում էր 7.7x56R մմ-ոց (.303 British) հիանալի փամփուշտները, որոնք կիրառվում էին նաև այլ զենքերի վրա, սակայն զենքերը իրականում խնդիրներ ունեին: Կանադական զորքերն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հաճույքով հրաժարվում էին սրանցից և անցնում նույն փամփուշտը կիրառող անգլիական “Lee-Enfield” հրացանին[13]: Քանի որ ամենայն հավանականությամբ այս զենքը և զինամթերքը բերվել էր ոչ թե հենց գործարաններից, այլ նախկին ռազմաճակատներից, կարող էին լինել ոչ լավ վիճակում: Այնպես որ այս հրացանների Հայաստան ուղարկումն անգլիական հրամանատարության կողմից զենքերից ձերբազատվելու մի քայլ էր նաև:

10 000 միավոր հնացած “Gras” ֆրանսիական հրացան և 4 000 000 փամփուշտ Հայաստանին փոխանցեց Հունաստանը[14]: Դրանք արդեն հնացած զենքեր էին համարվում: Ռուսական սպիտակ գվարդիական շարժման առաջնորդներ գեներալներ` Ա. Դենիկինը և Պ. Վրանգելը տրամադրել էին երեքգծանի հրացանի 3 մլն փամփուշտ և հրետանային արկեր: Տրամադրված զենքերից որոշ քանակություն փոխադրման դիմաց մենք ստիպված էինք թողնել Վրաստանին: Ինչպես պարզվում է այդ հարկը երբեմն կազմում էր ավելի քան 27 %[15]: 1919թ. Հայաստանի կառավարությունը դիմել էր ֆրանսիական կողմին 10 000 միավոր “Lebel 1886/93” հրացանների գնման համար, որը նրանք շատ թանկ էին վաճառում[16]: 1920թ. ամռանը ֆրանսիացիներն ամեն կերպ ցանկանում էին Հայաստանին վաճառել “Lebel” հրացանների մեծ, հավանաբար այլ խմբաքանակ[17]: Տարբեր տեղեկություններով կառավարությունը ուզում էր հավաքել ֆրանսիական այս հրացանները: Եղել են ՆԳ-ի նախարարի հրամաններ, որպեսզի բնակչությունը որոշակի գումարի դիմաց հանձնի այդ ֆրանսիական հրացանները: Տարբեր տեղերում նշվում է, որ այս հրացանը արդեն հնացած էր, ինչը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ֆրանսիական “Lebel 1886/93” հրացանը ռուսական հիմնական հրացանին զիջում էր հիմնականում միայն փամփուշտների լիցքավորման համակարգով, որը բարդացնում էր դրանց կիրառությունը արագընթաց մարտերի ժամանակ: Միևնույն ժամանակ այն իր ժամանակի շատ հրացանների գերազանցում էր դիպուկ կրակով և դիմացկունությամբ:

Հայկական բանակը գրեթե միշտ ունեցել է գնդացիրների պակաս, սակայն խնդիրը ոչ միայն դրանց քանակի մեջ էր, այլ նաև փամփուշտների: Հայկական բանակում կիրառվում էին ռուսական “Maxim”-ներ,  սահմանափակ քանակությամբ անգլիական “Vickers”, ամերիկյան “Lewis” և “Colt Browning M1895” գնդացիրներ: Շատ էր սիրված հատկապես “Lewis”-ը, որը կիրառման համար ամենահարմարն էր:

Փաստորեն բանակը կիրառում էր մի քանի տեսակի գնդացիրներ և դրանց համար տարատեսակ փամփուշտների հայթհայթումը մեծ խնդիր էր: Հետաքրքիր է ներկայացնել, որ դեռ հայկական առանձին գումարտակների ժամանակ մոտավորապես 800-1000 զինվորին, որոնք կազմում էին մոտավորապես մեկ գումարտակ բաժին էր հասնում մինչև 4 գնդացիր, այն էլ փամփուշտների համեմատաբար լավ մատակարարումների պայմաններում[18]: 1918թ. մարտի 31-ի տվյալներով հայկական բանակային կորպուսի սպառազինության մեջ կար 170 գնդացիր և ընդամենը 36 հրանոթ (20000/170=117)[19]: Նույնիսկ 1919թ. մարտի դրությամբ Դրոյի ենթակայության տակ եղած ավելի քան 1400 հոգանոց զորախումբն ուներ ընդամենը 2 գնդացիր[20]: Գնդացիրների մասով ստացվում է շատ անկանոն պատկեր, հիմնականում դրանք աղետալի քիչ են եղել:

Հայկական բանակի սպայական և զինվորական կազմի որոշ մասը զինված էր նաև ռուսական բանակի հիմնական “Nagant” թմբկավոր ատրճանակներով (7,62×38 մմ փամփուշտով): Սակայն բոլորի կողմից առանձնահատուկ սեր էր վայելում մեծ տարածում գտած “Mauser К-96” ուղիղ փամփշտատուփով ատրճանակը (7,63×25 մմ փամփշտով), այսպես կոչված տասանոցը: Նման զենքերով զինված ջոկատները հաջողությամբ էին գործում դիվերսիոն գործողությունների ժամանակ: Նախ նման զենքերով զինվում էին հիմնականում հեծելազորի զինվորները, քանի որ նրանք հասկանալի պատճառներով հիմնականում չէին տիրապետում սրագրոհին: Չնայած նրան, որ Հայաստանում լայն տարածում ունեին տարբեր սառը զինատեսակները, դրանցով զինված և դրանց կանոնավոր կիրառման համար նախապատրաստական ժամանակ չկար: Ըստ ուսումնասիրող Զորիկ Ծատուրյանի հայկական բանակում այդ ժամանակ եղել են հետևյալ սառը զինատեսակները.

  • 1881 թ. նմուշի դրագունական թրասուսեր(ռուս. шашка),
  • 1904 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր,
  • 1913 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր,
  • 1913 թ. նմուշի հետևակային զորքերի սպայական կորսուր(ռուս. сабля),
  • 1907 թ. նմուշի «Բեբուտ» դաշույն,
  • 1904 թ. նմուշի կազակական զորքերի դաշույն:

Ըստ Զ. Ծատուրյանի ռուսական բանակի սպառազինության մեջ կային նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ: Այդ էր պատճառը, որ հայկական թե՛ աշխարհազորային ջոկատներում, և թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված ամենատարբեր թրասուսերներ, կոր սրեր և դաշույններ:

Ինչպես տեսնում ենք հայկական բանակը հիմնական հրաձգային զենքերի առումով զինված էր բազմազան տեսակներով, ինչն այնքան էլ լավ նախապայման չէր բանակի համալրման համար և լրացուցիչ խնդիրներ էր ստեղծում:

Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից և առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ մոտ 100 հրանոթ, որոնցից սոսկ կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Վրաստանի դեմ պատերազմում հայկական բանակը բռնագրավեց 17 հրանոթ, որից 2-ը` հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր և այլ գույք: Սա հնարավորություն տվեց իսկույն ևեթ ձևավորել 2 մարտկոց թեթև ու լեռնային: Բացի այդ մեր բանակը համալրվեց նոր զրահագնացքներով: Ընդհանրապես զրահագնացքների թեման բավականին հետաքրքիր է: Ոչ մի փաստաթղթում հնարավորություն չի լինում գտնել հայկական բանակի զրահագնացքների ստույգ թիվը: Դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն: Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ:

Կարսում ևս թուրքական զորքերը թողել էին որոշ քանակությամբ կիսաթալանած, կամ կիսաոչնչացված հրետանային գույք` հրանոթներ, զինամթերք, վառոդ և այլն: 1919թ. վերջին բանակի հրետանին ուներ 130-140 հրանոթ, որոնցից 63-ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ուներ 64 հրանոթ և 2 զրահագնացք` 4 հրանոթով: Հատուկ նշենք, որ 1914-1916թթ. Կարսի ամրոցում եղել է մոտ 90 հրանոթ, հաուբից և հրասանդ` 5 հրետանային գումարտակ (դիվիզիոն)[21]: Այս թվից 29 հաուբից և 16 հրասանդ օգտագործվել են 1915թ. նոյեմբերին և 1916թ. փետրվարին Էրզրումի գրավման ժամանակ: Դրանից հետո հրանոթները մնացել են Էրզրումում և չեն վերադարձվել[22]: Կարսում եղած հրանոթների քանակությունից ավելի քան 60-ը, ինչպես նաև մեծ քանակությամբ մարտապաշար և այլ գույք անգլիացիները իրենց հետ տարան, ինչի կապակցությամբ եղան բողոքներ, սակայն ապարդյուն[23]: 1919թ. հուլիսի 16-ին Հայաստանում Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչը գաղտնի հեռագրով իր ղեկավարությանը հաղորդում էր, որ հայկական բանակում կա 12 հրետանային մարտկոց 4-ական հրանոթներով[24]:

1919թ. հետո քանակը շատ չէր աճել: Հրետանու սպառազինությունը հիմնականում կազմում էին երեք դյույմանոց` 76,2 մմ-ոց թեթև (1900թ. նմուշ), լեռնային հրանոթները (1909թ. նմուշ, ֆրանսիական “Danglise-Schneider” ընկերության հրանոթը), ինչպես նաև հինգ դյույմանոց` 122 մմ (1909/10թ. նմուշ) հաուբիցները: Եղել են նաև այլ տեսակներ` 76, 107, 152 մմ-ոց 1880 ականների և համեմատաբար հրետանային միջոցներ, սակայն քանակով քիչ: Կան նաև չապացուցված տեղեկություններ այն մասին, որ հայկական բանակում եղել են նաև 8 դյույմանոց` 203,2 մմ-ոց հրանոթներ: Մենք կարծում ենք, որ սրանք հիմնականում կարող էին լինել միայն Կարսի ամրոցում, այն էլ սահմանափակ քանակով և հավանաբար անպիտան վիճակում:

Ներկայացվածը լավագույնս ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության բանակը չէր կարող ունենալ լավ հրետանային միջոցներ.

1.         Հիմնականում երկրորդական համարվող կովկասյան բանակում հրետանու գործը ավելի վատ էր, քան եվրոպական ճակատում:

2.         Ամրոցների հրետանին առհասարակ, ինչպես նշվեց, վատ վիճակում էր:

3.         Հայկական բանակում գրեթե իսպառ բացակայում էր ծանր հրետանին:

4.         Դաշնակիցներից չի ստացվել հրետանու համար շոշափելի օգնություն:

1920թ. Մեծ Մեծ Բրիտանիայից Հայաստանին է փոխանցվել 44 հին հրանոթ[25]:

Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով 3-րդ Կովկասյան ավիաջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը[26]: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաև Գուլյան): Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք  ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների` “Nieuport”, “Morane-Saulnier L” և “Voisin III” կամ “Voisin V”:

Պահեստամասեր չկային և թռիչքներ գրեթե չէին կատարվում: Քամին պոկել էր անգարի կտուրը, որի հետևանքով ջախջախվեցին ինքնաթիռներից երկուսը: “Voisin III”-ը մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նույնպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրապոլում, վառոդի պահեստի պայթյունի ժամանակ: Այսպիսով, ավիաջոկատը փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Սա նշանակում է, որ ավիաջոկատի փոխանցումից հետո հայ ավիատորները վերանորոգել էին այդ ինքնաթիռները և փորձել կիրառել: 1919թ. փետրվարի 28-ի թվագրմամբ կա մեկ հետաքրքիր զեկուցագիր, որը ռազմական նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին[27]: Զեկույցում մասնավորապես նշված է, որ տվյալ դրությամբ օդուժում կա ընդամենը մեկ գործող օդանավ և մի քանի ամսից երկու կոտրվածից կարելի է հավաքել մեկը: Բոլոր սարքերը հնացած են և մաշված: Ջոկատի կազմն է` 5 օդաչու, 1 դիտորդ-օդաչու, 1 մեխանիկ-հրահանգիչ, 3 շարժիչագործ, 6 շարժիչագործի օգնական, 2 վարորդ, 2 վարորդի օգնական, 10 վարպետ: Ելնելով այս ամենից նախարարն առաջարկում է կազմալուծել ջոկատը, իսկ որոշ ծառայողների գործուղել

Ֆրանսիա սովորելու և նոր սարքերի ձեռքբերման համար: Ուսումը կտևի 1-2 տարի և դրանից հետո ձեռք կբերվեն ժամանակակից սարքեր: Նախարարը զեկուցում է նաև, որ ֆրանսիացի կապիտան Ա. Պուադեբարուն կարծում է, որ ավիաջոկատը, այնուամենայնիվ, հարկավոր է սահմանի պահպանման համար: Վերջում նախարարը խնդրում է թույլ տալ, այնուամենայնիվ, ուսման համար գործուղել 5-6 սպա և 15-18 զինվոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ և սարքավորումներ:

Կարսի ազատագրումից հետո` 1919թ. մարտից փաստորեն սկսվեց նոր ջոկատի կազմավորումը: Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ: Սկսվեց նոր ինքնաթիռների սարքավորումը: 1919թ. վերջին հավաքվեցին երեք “Morane-Saulnier L”, երեք “Voisin” և մեկ “Nieuport”, որոնց վերջնական շահագործման համար, սակայն դեռևս անհրաժեշտ էր ձեռք բերել թևերի համապատասխան երեսպատման նյութեր և Հայկական ավիաջոկատը կունենա 7-8 թռչող սարք: Ավելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերվեցին երկու “Salmson 2 A2” ինքնաթիռներ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին` 200կմ/ժ և նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի նաև ռմբակոծում իրականացնելու համար:

1920թ. տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաև ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետներ: Հայաստանն Անգլիայից գնել էր որոշ քանակությամբ ինքնաթիռներ, որոնք, սակայն 1920թ. սկզբից կանգնած էին Բաթումում և Հայաստան չէին փոխադրվում[28]: Առաջին հայ օդաչուներից էին նաև Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Խորոզովը[29]: Վերը նշված երկու ֆրանսիական ինքնաթիռները Բաթումից Հայաստան են ուղարկվել 1920թ. հունիսի 16-ին գնացքի համապատասխան` 303532 և 804592 վագոններով, դրանք ուղեկցում էր Ղուլյան-Ռիլսկին[30]:

Ընդհանուր առմամբ, հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է մինչև 12-ի, դրանք 1920թ. թուրք-հայկական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում[31]: Կարսի անկման օրերին ավիաջոկատում փաստորեն դեռ կար երկու ինքնաթիռ, որից մեկն էր միայն գործում: Այդ մասին բավականին ցայտուն մանրամասնում է Կարսի օդանավային ջոկատի զինվոր, ապագա մեծ խորհրդային ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցը[32]: Նա նշում է, որ 1920թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12-ի կողմ Կարսի անկման անխուսափելիության պայմաններում նրանք ավիաջոկատից օդ բարձրացրեցին միակ սարքին ինքնաթիռը: Օդաչուներն էին ծանոթ կապիտան Ղուլյանը և պորուչիկ Խորոզովը: Այդ սարքն օդ բարձրանալով նախ փորձեց իր գնդացրային կրակով օգնել հայկական զորքերին, իսկ հետ ուղևորվեց դեպի Երևան: Մյուս սարքը նրանք փորձել են տանել երկաթգծի կայարան և տեղափոխել Ալեքսանդրապոլ, սակայն չի ստացվել[33]: Նշվածից կարելի է կատարել որոշակի եզրակացություններ: Ինչպես տեսնում ենք ֆրանսիայից բերված ինքնաթիռների հետ միասին ջոկատը պիտի ունենար արդեն մոտ 9-10 ինքնաթիռ, իսկ Ա. Ռաֆայելյանցը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին Կարսում եղել են երկու ինքնաթիռ մեկը սարքին, մյուսը անսարք: Եթե հաշվի առնենք, որ մեր ունեցած տեղեկության մինչև հոկտեմբերի 20-ն ինքնաթիռներն ակտիվորեն վերանորոգվում էին, նշանակում է նաև ակտիվորեն կիրառվել են: Սովորաբար այս ժամանակի համար առաջին մարտական խնդիրը համարվում էր հետախուզությունը, որի համար էլ, հավանաբար, ակտիվորեն կիրառվել են սարքերը: Մոտ 30 ռմբանետմանը կարող էր բաժին հասնել մինչև եռակի-քառակի անգամ մարտական թռիչքներ հետախուզության համար: Կարելի է եզրակացնել նաև, որ, հավանաբար, սարքերից որոշ քանակություն եղել է նաև Ալեքսանդրապոլում և հոկտեմբերի 30-ի դրությամբ ռազմաճակատին մոտիկ եղել են ոչ բոլոր սարքերը: Սա բնական էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեքսանդրապոլում օդանավակայան կար և գեներալ Մ. Սիլիկյանի շտաբն էլ այստեղ էր: Ռազմաճակատի հրամանատարը հետախուզության համար կարող էր ուղարկել իր ուղղակի ենթակայության տակ եղած ինքնաթիռը: Պատերազմական իրադրությունում երբեմն ինքնաթիռներն օգտագործվում էին նաև կապի ապահովման համար:

1918թ. օգոստոսին ձևավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Գտնվեց 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ-Ապարանում: 1919թ. սեպտեմբերին ռադիոբաժանմունքը վերափոխվեց ռադիոդիվիզիոնի` ավտոմոբիլային, դաշտային և 2 փոքր ռադիոկայաններով: Բացի այդ, դաշտային ռադիոկայանի առանձին մասերից սարքավորվեց ժամանակավոր բազիսային ռադիոկայան: Երևանի տեխնիկական ընկերությունը սարքավորեց և ռազմական գերատեսչությանը հանձնեց հզոր ռադիոկայան: Ռադիոհեռագրական ծառայության համար մասնագետներ պատրաստելու նպատակով, դիվիզիոնին առընթեր բացվեց հատուկ դպրոց:

Սևանա լճի նավատորմիկը կազմավորվեց 1919թ. մայիսին: Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը: Նավատորմիկի բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սևան քաղաքում): Հիմնվեց նավահանգստային դարբնոց, փականագործական և ատաղծագործական արհեստանոցներ: Կառուցվեց “Աշոտ Երկաթ” ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զինված է մեկ թնդանոթով, երկու գնդացիրով և ուներ լուսարձակ: Նավատորմիկը կոչված էր զորք և ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար: Բացի “Աշոտ Երկաթ” ռազմանավից, նավատորմիկն ուներ նաև մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920թ. սեպտեմբերին Շահթախթից Սևանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի “Սեստրիցա Նյուշա” նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին` Վանա լիճ փոխադրելու համար: Այն վերանվանվեց “Գեղանուշ”:

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին: Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին: Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ` Ալեքսանդրապոլով, ընդ որում` կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք: Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը:

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919թ. մարտ ամիսը: Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից: Ահա այսպիսի անելանելի պայմաններում էր կազմավորվում հայկական բանակը: Միաժամանակ աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար: Սկսած 1919թ. գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով: Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին: Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները` ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն:

1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ բնականաբար սպառազինությունը ունեցել է առանցքային նշանակություն: Ինչպես նշեցինք, այո Անգլիայից եկած հրացանները ունեին որոշակի խնդիրներ, սակայն դրանք չէին կարող որոշիչ լինել, եթե պատերազմը վարվեր ինչպես հարկն էր: 1870-1871թթ. ‎‎‎‎ֆրանս-պրուսական պատերազմում պրուսական բանակը ֆրանսիական բանակի նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ: Տաղանդավոր և նվիրյալ զորավարներին ու պատրաստված զինվորներին բոլորովին չխանգարեց այն հանգամանքը, որ գերմանական բանակը զինված էր ավելի հին և ֆրանսիական բանակի հիմնական “Chassepot” հրացաններին զիջող “Dreyse” հրացաններով: Բացի այդ, հայկական բանակում անգլիական հրացանները դեռ հիմնական չէին, իսկ եթե զինվորները դրանցից օգտվելու կարգը դեռ չգիտեին, դա արդեն հրամանատարների մեղքն է:

Ամփոփելով` փաստենք, որ հայկական բանակը 1918-1920թթ. զինված էր իր ժամանակի համար բավականին արդիական զենքերով, սակայն, այնուամենայնիվ, կային որոշ խնդիրներ: Մասնավորապես` սակավ էր գնդացիրների և հրետանային միջոցների քանակը, ընդ որում սակավ էր ոչ թե հակառակորդի հետ համեմատած, այլ նվազագույն պահանջների համար, ստերաբաժանումների խնդիրների լուծման համար: Հատկապես ծանր էր թեկուզ եղած քանակի զենքերի համար զինամթերքի մատակարարման գործում: Սպառազինության համար որպես թերություն կարելի է համարել նաև որոշակի բազմազանությունը: Նորանկախ երկրի համար լրացուցիչ ջանքեր էր պահանջում այդ զենքերի զինամթերքի մատակարարման, զենքերի սպասարկման և դրանց օգտագործման հմտությունների յուրացման լրացուցիչ խնդիրները: Ընդհանրացնելով այս ամենը` պետք է փաստենք, որ բանակի սպառազինությունը երկուսուկեսամյա մշտական ռազմական գործողությունների համար, եթե անգամ գերազանց չէր, ապա բավարար էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմում ցավալի պարտությունը սպառազինության հետ ոչ մի կապ չուներ:


[1] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993, էջ 62:

[2] ՀԱԱ, ֆ. 1267, ց. 1, գ. 30, թ. 7:

[3] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 32, թ. 1-2:

[4] Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920 թթ.), Ե., 1996, էջ 45:

[5] Կարապետյան Մ., Նշված աշխ., էջ 91:

[6] Ռուբեն, Հայ-հեղափոխականի մը հիշատակները, հ. 7, Ե., 1991, էջ 337-338:

[7] Սիմոնյան Հ. Ռ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Ե., 1991, էջ 295-296:

[8] Корсун Н. Г., Первая мировая война на Кавказском фронте, Москва, 1946, стр. 8-25.

[9] Военный энциклопедический словарь, Москва, 2002, стр. 1404, 1178, 1399; Корсун Н. Г., Первая мировая война на Кавказском фронте, Москва, 1946, стр. 8-25.

[10] Երկու զենքերն էլ կիրառում էին անգլիական 7.7x56R մմ-ոց (.303 British) փամփուշտը:

[11] Ford, Roger (2005). The World’s Great Machine Guns from 1860 to the Present Day. London (UK): P.68-71.

[12] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993, էջ 508; Սասունի Կ., Հայ-թուրքական պատերազմը, ՙՀայրենիք՚ ամսագիր, Բոստոն, 1926, թիվ 5, էջ 80։

[13] Rawlings Bill, Trench Warfare, Technology and the Canadian Corps 1914-1918. (University of Toronto Press, 1992), p.12; Dancocks Daniel G., Gallant Canadians: The Story of the Tenth Canadian Infantry Battalion, 1914-1919 (Calgary Highlanders Regimental Funds Foundation, 1990).

[14] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 442, մաս 2, թ. 378:

[15] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 488, թ. 76:

[16] ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 237, թ. 5:

[17] Զոհրաբյան Է. Ա., 1920թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Ե., 1997, էջ 133:

[18] Կարապետյան Մ., Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները կովկասյան ռազմաճակատում, Ե., 1999, էջ 95:

[19] ՀԱԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 88, թ. 1:

[20] ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 35, թ. 146:

[21] Корсун Н., Эрзерумская операция на Кавказском фронте Мировой войны в 1915 – 1916 гг. М., 1938, стр. 5-40.

[22] Նույն տեղում, էջ 53:

[23] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 109, թ. 251:

[24] Հարությունյան Կ. Ա., նշվ. աշխ., էջ 26:

[25] Գալոյան Գ. Ա., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Ե., 1999, էջ 188:

[26] Հարությունյան Կ. Ա., նշվ. աշխ., էջ 35:

[27] ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 35, թ. 53:

[28] Գալոյան Գ. Ա, նշվ. աշխ., էջ 186:

[29] ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 142, թ. 184-190:

[30] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 442, մաս 1, թ. 180:

[31] Հարությունյան Կ. Ա., նշվ. աշխ., էջ 35:

[32] Հրասայլի թռիչքն ապահովող առաջին խորհրդային ճախրաթիռներից մեկի, խորհրդային առաջին ուղղահայց-թռիչք և վայրէջք կատարող սարքի և բազում այլ նախագծերի հեղինակ (Арутюнян К. А., Погосян Г. Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. Е., 2010, стр. 727-728).

[33] Զոհրաբյան Է.Ա., նշվ. աշխ., էջ 257-258:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s